Անդամակցության ընդհանուր դրույթներ և պայմաններ
Սույն Անդամակցության ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում են WTC Երևանի անդամակցության ընդհանուր կարգը և պայմանները։
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն Անդամակցության ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ՝ «Ընդհանուր պայմաններ») սահմանում են «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ «WTC Երևան») անդամակցության ընդհանուր կարգը և պայմանները։
1.2. Ընդհանուր պայմանները հանդիսանում են WTC Երևանի և յուրաքանչյուր անդամի միջև կնքված Անդամակցության պայմանագրի անբաժանելի մասը և հրապարակվում են WTC Երևանի ինտերնետային կայքում։
1.3. Հանդիսանալով Համաշխարհային առևտրի կենտրոններ ասոցիացիայի (WTCA) լիիրավ անդամ՝ WTC Երևան-ն անդամներին հնարավորություն է տալիս մասնակցել WTCA-ի կողմից կազմակերպվող միջազգային միջոցառումներին, հաստատել նպատակային գործարար կապեր և բացահայտել նոր շուկաներ ու համագործակցության հնարավորություններ։
1.4. Անդամակցությունը չի տալիս WTC Երևանի կառավարմանը մասնակցելու, այն ներկայացնելու իրավունք, ինչպես նաև չի ստեղծում համատեղ գործունեություն (joint venture), գործակալական հարաբերություն WTC Երևանի հետ, բացառությամբ առանձին գրավոր համաձայնությամբ նախատեսված դեպքերի։
1.5. WTC Երևանը չի երաշխավորում որևէ գործարար արդյունք (ներդրում, հաճախորդ, վաճառքի աճ, պայմանագրի կնքում և այլն)։ Անդամակցությունը ենթադրում է Փաթեթով նախատեսված հնարավորությունների, արտոնությունների և (կամ) ծառայությունների տրամադրում, ոչ թե արդյունքի երաշխիք։
2. Հիմնական հասկացություններ
2.1. WTCA` World Trade Centers Association և իրավահաջորդները։
2.2. Անդամակցություն` Անդամակցության փաթեթի ձեռքբերմամբ պայմանավորված՝ WTC Երևան-ի կողմից տրամադրվող կարգավիճակ։
2.3. Անդամ` WTC Երևանի հետ Անդամակցության պայմանագիր կնքած իրավաբանական անձ։
2.4. Անդամակցության փաթեթ կամ Փաթեթ` Անդամակցության պայմանագրում նշված՝ Անդամի կողմից ընտրված անդամակցության փաթեթ։
2.5. Գրանցված ներկայացուցիչ` Անդամի ներկայացուցիչ, ով կարող է Անդամի անունից օգտվել Անդամակցության փաթեթում նշված ներկայացուցչի արտոնություններից։
2.6. Պայմանագիր` WTC Երևանի և համապատասխան Անդամի միջև կնքված Անդամակցության պայմանագիրը՝ ներառյալ սույն Ընդհանուր պայմանները։
3. Անդամակցություն և անդամակցության փաթեթ
3.1. Անդամի կողմից ընտրված Փաթեթը սահմանվում է Անդամակցության պայմանագրով։
3.2. Անդամակցության փաթեթն ուժի մեջ է մտնում WTC Երևանի կողմից անդամակցության հաստատման մասին ծանուցումն Անդամի կողմից անդամակցության հայտում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու և տարեկան անդամավճարը WTC Երևանի կողմից ամբողջությամբ ստանալու պահից։ Փաթեթով տրվող առավելություններն այլ անձի փոխանցման ենթակա չեն։
3.3. Փաթեթով տրամադրվող արտոնությունները, տարեկան անդամավճարի չափը, ինչպես նաև առանձին արտոնությունների համար վճարները սահմանվում են WTC Երևանի կողմից և հրապարակվում են վերջինիս ինտերնետային կայքում։ Ընդ որում՝ Փաթեթով տրամադրվող արտոնությունները ընթացիկ անդամակցության տարվա համար չեն կարող նվազել։ Սույն Ընդհանուր պայմանների իմաստով «անդամակցության տարի» է համարվում Անդամակցության ուժի մեջ մտնելու պահից հաշվարկվող յուրաքանչյուր հաջորդական մեկամյա ժամանակահատվածը։
3.4. Փաթեթով նախատեսված արտոնությունները կարող են ներառել բիզնես գործընկերության և համագործակցության միջոցառումներին մասնակցություն, գործարար կապեր, WTCA ցանցի հասանելիություն, հանդիպումների սենյակների տրամադրում, կրթական ծրագրեր և WTC Երևանի կողմից սահմանված այլ արտոնություններ։
3.5. Փաթեթով տրվող իրավունքներն ու արտոնությունները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել կամ լրացվել WTC Երևանի կողմից՝ վերջինիս հայեցողությամբ։
3.6. Փաթեթով տրամադրվող արտոնություններից Անդամը կարող է օգտվել միայն անդամավճարի ամբողջական վճարումից և, ըստ կիրառելիության, առանձին արտոնության (միջոցառման) համար սահմանված վճարը վճարելուց հետո, եթե Կողմերի միջև այլ կարգ համաձայնեցված չէ։
3.7. Առանձին առևտրային առաքելություններին, համաժողովներին, ցուցահանդեսներին և գործարար կապերի հաստատման (networking) միջոցառումներին մասնակցությունը կարող է կարգավորվել առանձին պայմաններով և ենթակա լինել լրացուցիչ վճարների, ինչի մասին Անդամը նախօրոք տեղեկացվում է WTC Երևանի կողմից։
3.8. Անդամը կարող է առանձին վճարման դիմաց ստանալ Փաթեթով նախատեսված արտոնություններից դուրս հավելյալ արտոնություններ։ Տրամադրվող հավելյալ արտոնությունների տեսակը և գինը ևս հրապարակվում են WTC Երևանի ինտերնետային կայքում։
3.9. Անդամն իրավունք ունի դիմել WTC Երևանին Փաթեթը մեկ այլ Փաթեթով փոխարինելու համար (այսուհետ՝ «Փաթեթի փոփոխություն»)՝ ներկայացնելով գրավոր հայտ։ WTC Երևանը Փաթեթի փոփոխության հայտը քննարկում է եռօրյա ժամկետում և դրա մասին ծանուցում Անդամին։
3.10. Ավելի բարձր մակարդակի Փաթեթի անցնելու (upgrade) դեպքում Անդամը վճարում է նոր և նախկին Փաթեթների գների տարբերությունը՝ հաշվարկված ընթացիկ անդամակցության ժամկետի չլրացած ժամկետի համար։ Նոր Փաթեթի արտոնություններից Անդամը սկսում է օգտվել միայն տարբերության ամբողջական վճարումից հետո։
3.11. Ավելի ցածր մակարդակի Փաթեթի անցնելու դեպքում վճարված անդամավճարը վերահաշվարկի և վերադարձի ենթակա չէ։
3.12. Փաթեթի փոփոխությունը չի ազդում Պայմանագրով սահմանված անդամակցության ժամկետի, դրա երկարաձգման կարգի, ինչպես նաև Անդամի այլ պարտավորությունների վրա, որոնք շարունակում են գործել անփոփոխ։
3.13. Այն դեպքում, երբ WTC Երևանից անկախ պատճառներով հնարավոր չէ ապահովել անդամակցության համապատասխան Փաթեթով նախատեսված որևէ արտոնություն, WTC Երևանը պատասխանատվություն չի կրում տվյալ ծառայության չտրամադրման համար։
4. Անդամի ներկայացուցիչներ
4.1. Անդամակցության փաթեթում նշված Անդամի ներկայացուցչի արտոնություններից օգտվում է միայն Գրանցված ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները՝ ըստ Փաթեթով սահմանված քանակի։
4.2. Գրանցված ներկայացուցչի և նրա փոփոխության մասին Անդամը նախապես գրավոր՝ այդ թվում էլեկտրոնային փոստով ծանուցում է WTC Երևանին։ WTC Երևանը կարող է պահանջել ներկայացուցչի ինքնությունը հավաստող փաստաթղթեր և դրանց չներկայացնելու դեպքում սահմանափակել ներկայացուցչի հասանելիությունը կամ կասեցնել/դադարեցնել Անդամի անդամակցությունը։
4.3. Գրանցված ներկայացուցիչների գործողությունների համար պատասխանատվությունը կրում է Անդամը։
4.4. WTC Երևանի կողմից կարող են սահմանվել Գրանցված ներկայացուցիչների նկատմամբ համապատասխանության և (կամ) վարքագծի պահանջներ, որոնց վերաբերյալ Անդամը ծանուցվում է գործողության ուժի մեջ մտնելու պահից առնվազն 30 (երեսուն) օր առաջ։
5. Ժամկետ և երկարաձգում
5.1. Անդամակցությունն ուժի մեջ է մտնում սույն Ընդհանուր պայմանների 3.2 կետում նշված պահից և գործում է մեկ տարի ժամկետով։
5.2. WTC Երևան-ը ընթացիկ Պայմանագրի ավարտի մասին Անդամին ծանուցում է Պայմանագրի ավարտից առնվազն 30 օր առաջ՝ տեղեկացնելով, որ Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե Անդամի կողմից Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ առարկություններ չներկայացվեն։
5.3. Պայմանագրի ավարտի մասին ծանուցվելուց հետո 15-օրյա ժամկետում Անդամի կողմից առարկություն չներկայացնելու դեպքում WTC Երևանն Անդամին վճարման է ներկայացնում նույն անդամակցության Փաթեթի երկարաձգման համար անդամավճարի կանխավճարային հաշիվ՝ համապատասխան երկարաձգվող անդամակցության տարվա համար սահմանված անդամավճարի չափով։
5.4. Կանխավճարային հաշիվը ստանալուց հետո Անդամը պետք է վճարում կատարի առավելագույնը մինչև ընթացիկ Պայմանագրի ավարտին հաջորդող աշխատանքային օրը։ Անդամակցությունը համարվում է երկարաձգված ևս մեկ տարով Անդամի կողմից վճարումը կատարելու պահից։
6. Անդամի համապատասխանություն
6.1. Անդամը հավաստում է, որ համապատասխան օրենսդրության հիման վրա պատշաճ գրանցված և գործող իրավաբանական անձ է, սնանկ կամ անվճարունակ չէ, վերջինիս կողմից տրամադրած տվյալները ճշգրիտ են, և վերջինս չի զբաղվում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և ներգրավված չէ ֆինանսական հանցագործություններում։
6.2. Անդամը պարտավորվում է անհապաղ տեղեկացնել իր գործունեությանը վերաբերող էական ռիսկ պարունակող իրավական վարույթների մասին։
6.3. WTC Երևանի կողմից Անդամի նկատմամբ կարող են սահմանվել համապատասխանության պահանջներ, որոնց վերաբերյալ Անդամը ծանուցվում է գործողության ուժի մեջ մտնելու պահից առնվազն 30 (երեսուն) օր առաջ։
7. Կողմերի իրավունքներ և պարտականություններ
7.1. WTC Երևանը պարտավոր է Անդամին տրամադրել արտոնություններից օգտվելու հնարավորություն, տեղեկացնել միջոցառումների մասին և պահպանել Անդամի կողմից տրամադրված տվյալների գաղտնիությունը, եթե Կողմերի միջև առկա չէ այլ համաձայնություն։
7.2. Անդամն իրավունք ունի օգտվել արտոնություններից, մասնակցել միջոցառումներին և ստանալ տեղեկատվություն։
7.3. Պայմանագրի շրջանակներում փոխանակվող անձնական տվյալները Կողմերն օգտագործում են բացառապես անդամակցության հետ կապված գործընթացների ապահովման նպատակով։ Կողմերը պարտավոր են բացառել այլ նպատակներով անձնական տվյալների օգտագործումը։
7.4. WTC Երևանը կարող է օգտագործել Անդամի, դրա լիազորված անձի, Գրանցված ներկայացուցչի կոնտակտային տվյալները միջոցառումների հրավերներ ուղարկելու, տեղեկագրեր (newsletters) տարածելու, գործարար կապերի հաստատմանն (networking) ուղղված, ինչպես նաև անդամների համար նախատեսված այլ ծառայություններ մատուցելու նպատակով։
7.5. Անդամը լիազորում է WTC Երևանին իր անվանումը, լոգոն, կոնտակտային տվյալները և գործունեության նկարագիրը ներառել անդամների տեղեկատուներում, ցանկերուm, գովազդային ու տեղեկատվական նյութերում։
7.6. Անդամը պարտավոր է ժամանակին վճարել անդամավճարները, ինչպես նաև Պայմանագրով նախատեսված այլ վճարները, պահպանել Պայմանագրով նախատեսված դրույթները, ապահովել համապատասխանությունը WTC Երևանի պահանջներին, չվնասել WTC Երևանի, WTCA-ի և այլ անդամների հեղինակությանը և տրամադրել Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ՝ WTC Երևանի կողմից պահանջվող տվյալները։
8. Անդամավճարներ
8.1. Անդամավճարը սահմանվում է WTC Երևանի կողմից՝ Փաթեթին համապատասխան, և ընդգրկում է տվյալ Փաթեթով նախատեսված ծառայությունները և արտոնությունները մեկ (1) անդամակցության տարվա համար։ Անդամավճարի չափը հրապարակվում է WTC Երևանի ինտերնետային կայքում։
8.2. Անդամավճարը վճարվում է WTC Երևանի կողմից ներկայացված կանխավճարային հաշվի հիման վրա կամ առանց դրա՝ անմիջապես WTC Երևանի բանկային հաշվեհամարին փոխանցմամբ։ Կանխավճարային հաշվի հիման վրա անդամավճարը վճարվում է այն ներկայացնելուց հետո 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կողմերի համաձայնությամբ այլ ժամկետ սահմանված չէ։ Վճարման ստացումից հետո WTC Երևանը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար Անդամին տրամադրում է հաշվարկային փաստաթուղթ անդամավճարի 1/12-րդ մասին համապատասխան։ Եթե անդամակցությունը սկսվում է կամ երկարաձգվում է հաշվետու ամսվա ընթացքում, ոչ ամբողջական ամսվա համար նույնպես տրամադրվում է առանձին հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում տարվա ընթացքում ներկայացված հաշիվ ապրանքագրերի քանակը կարող է կազմել 13 (տասներեք)։
8.3. Անդամավճարները վճարվում են հայկական դրամով։ Վճարման պարտականությունը համարվում է կատարված գումարը WTC Երևանի բանկային հաշվին փաստացի մուտքագրվելու պահից։
8.4. WTC Երևանն իրավունք ունի վերանայել անդամավճարի չափը յուրաքանչյուր երկարաձգվող անդամակցության տարվա համար։ Վերանայված անդամավճարը կիրառվում է համապատասխան երկարաձգված անդամակցության տարվա նկատմամբ և ուժի մեջ է մտնում այդ տարվա սկզբից։ WTC Երևանը վերանայված անդամավճարի չափի մասին տեղեկացնում է Անդամին Պայմանագրի գործող ժամկետի ավարտից առնվազն 30 (երեսուն ) օր առաջ։ Ընթացիկ անդամակցության տարվա համար սահմանված և վճարված անդամավճարը վերանայման ենթակա չէ։
8.5. Անդամավճարի կետանցը կարող է հանգեցնել արտոնությունների ժամանակավոր սահմանափակման, անդամակցության կասեցման կամ դադարեցման։
8.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուղղակիորեն այլ բան նախատեսված չլինելու դեպքում, անդամավճարը ենթակա չէ վերահաշվարկի և վերադարձի՝ Անդամի նախաձեռնությամբ Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման, արտոնություններից փաստացի չօգտվելու կամ Անդամի կողմից Պայմանագրի խախտմամբ պայմանավորված անդամակցության դադարեցման դեպքերում։
8.7. Անդամակցության կասեցումը չի կասեցնում անդամավճարի հաշվարկը կասեցված ժամանակահատվածի համար։
9. Մտավոր սեփականություն և ապրանքանիշ
9.1. Անդամակցությունը չի տրամադրում «World Trade Center», «WTC», «WTCA», «WTC Երևան» անվանումների, ապրանքային նշանների, ինչպես նաև մտավոր սեփականության այլ օբյեկտների նկատմամբ որևէ իրավունք։ Անդամը չի կարող օգտագործել WTC Երևանի մտավոր սեփականության օբյեկտները, ինչպես նաև WTC Երևանի կողմից մշակված և անդամների միջև, կամ միջոցառումների ընթացքում շրջանառված նյութերը` առանց նախնական գրավոր թույլտվության։
9.2. Անդամակցության դադարեցման, ինչպես նաև WTC Երևանի պահանջով Անդամը պարտավոր է անհապաղ դադարեցնել WTC Երևանի մտավոր սեփականությունը հանդիսացող օբյեկտների օգտագործումը։
10. Կասեցում և դադարեցում
10.1. WTC Երևանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել անդամակցությունը՝ Պայմանագրի, WTC Երևանի ինտերնետային կայքում հրապարակված կամ այլ կերպ շրջանառված Վարքագծի կանոնների, համապատասխանության պահանջների խախտման, ինչպես նաև պահանջվող տվյալների չտրամադրման դեպքում՝ այդ մասին ծանուցելով Անդամին։
10.2. Անդամի նախաձեռնությամբ անդամակցությունը կարող է դադարեցվել այդ մասին առնվազն 30 (երեսուն) օր առաջ գրավոր ծանուցելով WTC Երևանին։
10.3. Անդամակցության դադարեցման դեպքում Անդամի հասանելիությունը Փաթեթով տրվող բոլոր արտոնություններին դադարում է։
10.4. Անդամակցության դադարեցման դեպքում վճարված անդամավճարները ենթակա չեն վերադարձման։
10.5. Անդամակցության կասեցման դեպքում Անդամի հասանելիությունը Փաթեթով տրվող բոլոր արտոնություններին կասեցվում է՝ մինչև սույն Ընդհանուր պայմանների 10.1 կետով նախատեսված խախտումների վերացումը կամ պահանջներին բավարարումը։
11. Կողմերի պատասխանատվություն
11.1. Միմյանց վնաս պատճառելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
11.2. WTC Երևան-ը պատասխանատվություն չի կրում այլ անդամների գործողությունների, Անդամի առևտրային կամ գործարար վեճերի, Անդամի ներդրումային որոշումների, Անդամի բիզնես գործունեությունից առաջացած վնասների, կորուստների համար։
11.3. Պայմանագրից բխող և ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում WTC Երևանի ընդհանուր (կումուլատիվ) պատասխանատվությունը չի կարող գերազանցել Անդամի կողմից նախորդ 12 (տասներկու) ամիսների համար վճարված անդամավճարի չափը։
12. Եզրափակիչ դրույթներ
12.1. Անդամակցության դադարեցումից հետո շարունակում են գործել գաղտնիության, տվյալների պաշտպանության, մտավոր սեփականության, պատասխանատվության սահմանափակման, վեճերի լուծման և կիրառելի իրավունքի դրույթները։
12.2. Կողմերի միջև ծանուցումները կարող են իրականացվել՝
- թղթային եղանակով՝ առձեռն հանձնմամբ կամ փոստով,
- Պայմանագրում նշված կամ այլ կերպ Կողմին տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով,
- WTC Երևանի ինտերնետային կայքում Անդամին հասանելի վայրում տեղադրելու միջոցով։
12.3. Ընդհանուր պայմանները կազմվում են հայերեն և անգլերեն լեզուներով, հակասության դեպքում գերակայում է հայերենը։